Newmag.am-ը գրում է.
Վերջին շաբաթվա ընթացքում բուռն քննարկման առարկա դարձավ շուկաներում ու մրգի, բանջարեղենի վաճառակետերում ադրբեջանական խնձորների վաճառքը: Օգտատերերը նկարահանել են ադրբեջանական ընկերության` խնձորով արկղերը:
Այս քննարկումներից հետո ՍԱՊԾ-ն հայտարարեց, որ շուկայում լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել, պարզելու`իրո՞ք ադրբեջանական ծագմամբ խնձոր է իրացվում հայկական շուկայում, եւ միայն մի՞ կետում է վաճառվում, թե՞ նաև այլ կետերում: Ծառայությունը հայտնաբերել է, որ պտուղ-բանջարեղեն վաճառող որոշ կետերում իսկապես իրացվում է ադրբեջանական խնձոր: ՍԱՊԾ տեսուչները արգելել են վաճառքն ու հանձնարարել տեղում ոչնչացնել խնձորը:
Հիմա փնտրում են ներկրող ընկերությանը, որովհետեւ ծառայության սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման որևէ բեռ, նույնիսկ խնձոր, չի ներկրվել Հայաստան: Ավելին` ապրիլի 1-ից 25-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան խնձոր ներկրվել է Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Իտալիայից: Այս դեպքում, ինչպե՞ս է ադրբեջանական խնձորը հայտնվել Հայաստանի շուկայում: Երևանի սուպերմարկետներում հենց այս պահին վաճառվում է ֆրանսիական եւ թուրքական ծագման խնձոր` համապատասխան պիտակներով: Խնձորային այս խառնաշփոթից գլուխ հանելը իրավապահ մարմինների գործն է:
Հիմա` Հայաստանում պե՞տք է արգելել ադրբեջանական ծագմամբ խնձորի վաճառքը
Այո, որովհետեւ առաջին հերթին այն չհայտարարագրված մաքսանենգ ճանապարհով ներկրված ապրանք է, հետեւաբար չի անցել համապատասխան ստուգում: Քրեական օրենսգիրքը սահմանում է. առանց մաքսային հսկողության, կամ մաքսային եւ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելով ներկրումը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հայաստանում պետք է արգելել ադրբեջանական ծագման խնձորի ներկրումն ու վաճառքը` Ադրբեջանի տնտեսության զարգացմանը չնպաստելու համար: Ինչպե՞ս կարելի է ներկրել, վաճառել ու գնել մի երկրի ապրանք, որն այդ վաճառքից ստացած եկամուտով զենք է գնելու ու սպանելու` քո զինվորին: Ամեն մեկ կիլոգրամ խնձոր գնելով դուք առնվազն մեկ դիպուկահարի փանփուշտ եք նվիրում, ֆինանսավորում եք ձեր որդուն սպանողին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



